Բավ է պառակտվել
17-08-2016 18:23

«Սասնա ծռերը» զինված խումբը ղեկավարվում էր դրսից. Իսագուլյան

 Սասնա ծռեր զինված խումբը ղեկավարվում էր դրսից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո ստեղծված իրավիճակի մասին, այս մասին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Զինված խումբը ղեկավարվում էր դրսից՝ ոչ միայն դրսի հայերի կողմից, այլ հենց արտասահմանից։ Իրավապաշտպանների ու որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները նշանակում են, որ պրոպագանդիստական աշխատանքը ղեկավարվում է ինչ-որ տեղից, որը կապ չունի ո՛չ մեր տնտեսական, ո՛չ քաղաքական շահերի հետ»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։

«Այդ զինված խմբի գործողությունը որևէ դրական արդյունք չտվեց, բացի ոստիկանների սպանությունից, իրենց մի քանի վիրավորներից և Հայաստանի վարկանիշի անկումից»,- ասաց նա՝ նշելով, որ «Սասնա ծռերը» փորձեցին վարկաբեկել բանակը, ոստիկանությունը և, ընդհանրապես, բոլոր այն ինստիտուտները, որոնք պահում են պետականությունը:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ զինված խմբի նպատակը սոցիալական անարդարությունները բարձրաձայնելը չէր. «Հանցագործ խումբն ուներ մեկ նպատակ՝ իշխանություն վերցնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ «Սասնա ծռերը» դիտմամբ էր իր հետ ՊՊԾ գունդ տարել մարդկանց, որոնք զենք իրենց կյանքում չէին բռնել. «Այդ կերպ գործելով նպատակ ունեին ունենալ զոհեր, դա դարձնել շահարկման առարկա և հասարակական լարումներ առաջացնել, սակայն իրենց ծրագրի այս մասը չիրագործվեց»,- նշեց Իսագուլյանը: