17-08-2016 15:08

«Տարածքների հանձնման մասին լուրերը բարբաջանքներ են». Գառնիկ Իսագուլյան

Ոչ ոք չի պատրաստվում հողեր զիջել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂ հիմնախնդրի և դրա շուրջ եղած քննարկումների մասին, հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Ցավում եմ, որ շատերը, բանակցություններից տեղյակ չլինելով, հայտարարում էին, որ տարածքներ են տալու, «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններն էլ ուղղված էին դա կանգնեցնելու»,- ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանը պատմեց, որ մի քանի օր առաջ է եղել Իշխանաձորում և ԼՂ նախագահի հետ բնակարան են բաժանել քաղաքացիների:

«Եղել ենք բոլոր համայնքներում, տրվել են դպրոցներ, հիվանդանոցներ կառուցելու հանձնարարականներ»,- ասաց նա՝ հավելելով, որ ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ էլ Արցախի Հյուսիսային հատվածում են եղել, այստեղ նույնպես նման հանձնարարականներ են տրվել:

Ըստ Իսագուլյանի՝ այդ գործողությունները փաստում են, որ ԼՂ իշխանությունները Ադրբեջանին տարածքներ տալու մտադրություն չունեն:

«Կարևոր չէ, թե բանակցություններում ինչ են քննարկում, դրանք 1994 թվականից նույն ոճով են ընթանում, բայց որևէ մեկը՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Արցախի ղեկավարությունը՝ Բակո Սահակյանը, որևէ մեկը չի պատրաստվում հողեր զիջել, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ տարածքներ զիջելն իրենցից կախված չէ»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում փոխզիջումներ ասելով ինչ նկատի ունեն իրենց հայտարարություններում ՀՀ և Արցախի նախագահները, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց.

«Փոխզիջում ասելով ես հասկանում եմ, որ մենք արդեն արել ենք դրանք. մեծագույն փոխզիջումն այն էր, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Փոխզիջումն այն է, որ Գետաշենը չենք վերցրել: Փոխզիջման տակ երբեք մի հասկացեք հողեր տալը: Հայաստանը բազմաթիվ փոխզիջումներ արել է»:

Դիտարկմանը, թե Ղարաբաղը հիմա չի մասնակցում բանակցություններին, բայց բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված որևէ որոշում առանց իր մասնակցության չի կայացվի, այսինքն՝ դա այնքան էլ փոխզիջում չէ, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ցանկացած պահի Ղարաբաղը կարող է հրաժարվել, որ Հայաստանը մասնակցի բանակցություններին: Դա տակտիկական քայլ է»: