Բավ է պառակտվել
15-07-2014 10:19

Իրաքը պետք է բաժանել երեք մասի. քուրդ գործիչ

Իրաքը «չկայացած պետություն է», որը պետք է երեք մասի բաժանել, այդ թվում նաեւ` անկախ Քրդստանի: Նման կարծիք է հայտնել Քրդերի ինքնավարության արտգործնախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքերը:

Նա նշել է, որ Իրաքի սուր ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի Մալիքին եւ նա պետք է հրաժարական տա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հուլիսի 15-ին իր աշխատանքն է սկսում Իրաքի խորհրդարանը, որը նոր կառավարություն կփորձի ձեւավորել:

Ավելի վաղ քուրդ ներկայացուցիչները դուրս էին եկել ալ Մալիքիի կառավարությունից` ի նշան այն բանի դեմ բողոքի, որ վարչապետը քրդերին մեղադրել էր ծայրահեղականներին օգնելու համար:

Համաշխարհային հանրության ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել Իրաքի քաղաքական գործիչներին միավորել ջանքերը` «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական սուննի խմբավորման դեմ:

Գրոհայիններին հաջողվել է վերահսկողության տակ առնել երկրի տարածքի սուննիական հատվածը: