26-02-2014 14:08

Իրանից Հայաստան է ներմուծվել ափիոն տեսակի թմրանյութ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը տեղեկացրեց, որ Հայաստանում թմրամոլության, թմրամոլների, ապօրինի շրջանառությունից առգրավված թմրանյութերի աճ է գրանցվել:

Նա տեղեկացրեց, որ 2012թ համեմատ՝ 2013թ-ին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինիշրջանառության հանցագործությունների աճ մոտ 7 տոկոսով, եթե 2012թ արձանագրվել է 1139 հանցագործություն, ապա 2013թ արձանագրվել է 1222, որոնք բացահայտվել են։ Նկատվում է նաեւ ապօրինի շրջանառությունից առգրավված թմրանյութերի քանակական աճ, եթե 2012թ առգրավվել է 23 կգ 440 գ թմրանյութ, ապա նախորդ տարի դա կազմել է 95 կգ-ից ավել։
Մինասյանը նշեց, որ հիմնականում կանեփ, ափիոն տեսակի թմրանյութ է առգրավվել, որը ներմուծվել է Իրանի Իսլամական հանրապետութունից, այդ երկրից մեր երկիր փորձել է ներկրել 14 կգ թմրանյութ, հաշիշի զգալի առգրավում է գրանցվել՝ մոտ մեկ կգ-ի չափով:
Նա նշեց, որ թմրամիջոց ապօրինի օգտագործողների թիվը եւս աճել է, մասնավորապես՝ եթե 2012 նրանք կազմել են 1009, ապա 2013թ-ին՝ 1523։ Ըստ որում՝ եթե նախորդ տարիներին ներարկման միջոցով թմրանյութ օգտագործողները կազմում էին 50 տոկոս, ապա վերջին տարիներին այդ ցուցանիշը նվազել է՝ ի հաշիվ մարիխուանա օգտագործողների։ Ինչ վերաբերում է անչափահասների ներգրավվածությանը թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, ապա այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով չի գերազանցումը տասը։

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հանցագործությունների աճ, օտար երկրներից մեր երկիր են ներկրվում տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Հայաստանում, նրա փոխանցմամբ, հիմնականում օգտագործվում է մարիխուանա տեսակի՝ կանեփ բույսից պատրաստված թմրամիջոցը, որը հասանելի է, քանի որ աճում է տարբեր տեղերում եւ մատչելի է։

Խոսելով սինթետիկ թմրամիջոցների մասին, որոնք կոչվում են ծխախոտային խառնուրդներ եւ աշխարհում լայն տարածված են՝ Արթուր Մինասյանն ասաց, որ նախորդ տարի նման տեսակի թմրամիջոց օգտագործելու 2-3 դեպք է գրանցվել։ «Թմրաբիզնեսով զբաղվողները դրա մեջ ավելացնում են հավելյալ նյութեր, բայց սինթետիկ թմրամիջոցները հինգ անգամ ավելի են ազդում մարդու օրգանիզմի վրա, քան սովորական մարիխունան։ Դրա օգտագործման ձեւը հեշտ է, գինը՝ մատչելի, խնդիրն այն է, որ սինթետիկ թմրամիջոցի օգտագործումը չի արգելվում, բայց կոնկրետ նախորդ տարի հայտնաբերված դեպքերում տվյալ անձանց մոտ հայտնաբերվել է նաեւ այլ թմրամիջոց եւ դրանից ելնելով՝ նրանց ենթարկել են պատասխանատվության։ Այժմ կազմում ենք ցուցակ, որպեսզի սինթետիկ թմրամիջոցները արգելվեն եւ սահմանվեն չափաբաժիններ, որպեսզի կարողանան մարդկանց ենթարակել պատասխանատվության։ Դրանք հիմնականում ներկրվում են փոստի միջոցով, առաքվում են օտար երկրներից»,- ասաց Արթուր Մինասյանը։