19-06-2015 08:39

ՆԱՏՕ-ն պետք է հավասարաչափ բաց լինի բոլոր գործընկերների համար.ՊՆ

Հանդիսանալով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ` Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ձևաչափով և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկում է իր անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասը: Այս մասին Երևանում անցկացվող «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում իր զեկույցում նշել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով՝ դա վկայում է այն մասին, որ պաշտպանական ոլորտում մեր որդեգրած քաղաքականությունը կառուցվում է համադրությունների հիման վրա` առավելագույնս ապահովելու համար Հայաստանի միջազգային ինտեգրումն ու անվտանգության ապահովումը: Ուստի Հայաստանում և Հայաստանի շահերի տեսանկյունից ՌԴ-ի և ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, Իրանի և Արևմուտքի շահերը չեն հակադրվում, այլ ընդհակառակը` փոխլրացվում և ամբողջացվում են: «Այդ համագործակցությունը հետապնդում է մի քանի հիմնական նպատակներ, որոնցից կառանձնացնեմ միջազգային անվտանգության ապահովման համայնքի լիարժեք անդամ լինելը, Հայաստանի անվտանգության բնագավառում վարվող քաղաքականության բոլորի համար թափանցիկության ապահովելը, և արտատարածաշրջանային որևէ կողմի դեմ ուղղված լինելու մտավախության բացառումը, արևմտյան առաջավոր փորձի կիրառումը Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխման գործընթացում: Նա հատկանշական է համարել, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ միակ անդամը և ՌԴ ռազմավարական դաշնակիցը, որը 2004 թվականից ակտիվորեն ընդգրկված է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղության և կայունության ապահովման բոլոր գործողություններին. «Այս պահին երբ շատ երկրներ դուրս են բերում իրենց զորքերը Աֆղանստանից և ՆԱՏՕ-ն պայքարում է նվազագույն անհրաժեշտ զորքերի քանակը ապահովելու համար, Հայաստանը հայտարարում է, իր կողմից որդեգրած «Օլլ ին, ոլ աութ» (բոլորով ներս, բոլորով դուրս) սկզբունքին հավատարիմ մնալու մասին, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում: Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, ՆԱՏՕ-ի ակնկալիքներին, Ս. Օհանյանը նշել է, որ ՆԱՏՕ-ն, հանդիսանալով եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխավորը, պետք է հստակ դերակատարում ունենա Հարավային Կովկասը արտատարածաշրջանային սպառնալիքներից զերծ պահելու գործում, ինչպես նաև տարբեր ձևաչափերում հակամարտությունների լուծման բանակցային գործընթացին աջակցմանը: «Տարածաշրջանի երկրների հանդեպ ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում, նամանավանդ հակամարտող կողմերի հանդեպ: ՆԱՏՕ-ն պետք է հավասարաչափ բաց լինի բոլոր գործընկերների համար` հավասարաչափ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի բոլոր երկրներին, միաժամանակ իրականացնելով այնպիսի նախագծեր, որոնցում երեք երկրները կկարողանան ներգրավվել բազմակող տարածաշրջանային ձևաչափով»,-եզրափակել է նախարարը: