27-06-2014 08:33

Ի՞նչ նպատակ է հետապնդում Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

«Պաշտոնապես պարզ դարձավ, թե որտեղ է ազգին իր դիվանագիտական ծառայությունները մատուցելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ երկիրը կլինի ԱՄՆ-ը:
Սերժ Սարգսյանի համար ապահովել «ալիբի»: Ահա այն գլխավոր խնդիրը, որ դրված է Տիգրան Սարգսյանի առաջ: Ըստ որում, նշանակումը տեղի է ունենում Հայաստանի համար հետաքրքրական իրավիճակում, երբ տեղի են ունենում ռուս-ադրբեջանական սերտ գործընթացներ, իսկ Հայաստանի ներսում ակտիվության հերթական չափաբաժինն է դրսևորում Ռոբերտ Քոչարյանը՝ այս անգամ նաև ԲՀԿ-ից հակադարձ շատ հետաքրքրական արձագանքով:
Այս իրավիճակում թե Ռուսաստանի և թե Քոչարյանի համար, մեղմ ասած, ոչ այնքան սիրելի Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի համար բավականին ցուցադրական քայլ էր՝ ԱՄՆ աջակցությամբ պաշարվելու ակնարկով:
Ընդ որում, հետաքրքրական էր այն իրողությունը, որ բոլորովին վերջերս Հայաստան արտահանձնվեց Աշոտ Սուքիասյանը՝ հայտնի Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալից: Սուքիասյանի արտահանձնման որոշումը երկար ժամանակ է՝ կար, սակայն դա տեղի չէր ունենում: Եվ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցից հետո, որն էլ, իր հերթին, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը այցելել էր Բաքու: Վրաստան այցից հետո Աշոտ Սուքիասյանը Սերժ Սարգսյանի վերադարձին գրեթե զուգահեռ վերադարձվեց Հայաստանին: Եվ ահա դրանից մի քանի օր անց էլ Տիգրան Սարգսյանը նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, այսինքն՝ տեղի է ունենում պաշտոնական նշանակումը:
Եվս մեկ ուշագրավ զուգահեռ՝ Բրյուսելում Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ հավաքի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ոտքի վրա զրուցում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ, իսկ ելույթի ժամանակ հաստատում Աֆղանստանում միջազգային առաքելությանը մասնակցելու Հայաստանի հանձնառությունը:
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն փորձում են ինչ-որ ժեստերով ակտիվացնել Արևմուտքի հետ հարաբերությունները, բարելավել սեպտեմբերի 3-ից հետո առկա խիստ բացասական վերաբերմունքը: Առայժմ արևմտյան արձագանքները վկայում են այն մասին, որ վերաբերմունքը բարելավելու ցանկություն Արեւմուտքում կա, սակայն այլեւս չեն ցանկանում անել դա «ավանսով», այսինքն՝ Հայաստանի իշխանություններից սպասում են ավելի գործնական ու նշանակալի քայլեր», -պարզաբանում է «Ժամանակ» -ը: