Բավ է պառակտվել
15-11-2014 12:30

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի գրոհներն ու սադրանքները.Էդ Ռոյս

Հայկական ուղղաթիռի ոչնչացումը անթույլատրելի ագրեսիվ գործողություն է, որը սպառնում է խաթարել փխրուն հրադադարը եւ տարածաշրջանը կրկին բռնության գիրկը նետել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ մեկնաբանելով ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ օդանավի խոցման միջադեպը: «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նման գրոհներն ու սադրանքները եւ կրկին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցություններում հստակ առաջընթացի հասնելու պարտավորություն ստանձնի»,– հավելել է նա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից հայտնեցին, որ Կոնգրեսի անդամները շարունակում են Ադրբեջանի բռնությունը դատապարտող ելույթներով հանդես գալ. «Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի փաստով, որը խոցել է ամենայն հավանականությամբ անզեն ուղղաթիռը: ԼՂ-ի բնակիչները արժանի են եւ ցանկանում են խաղաղություն, սակայն Ադրբեջանի կողմից 1994թ. զինադադրի պայմանագիրն արհամարհելը երկու կողմերի համար հակամարտության սպառնալիք է», - նշել է կոնգրեսական Ջուդի Չուն: «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այն բանի համար, որ բռնություն է հրահրում եւ չի աշխուժացնում խաղաղ բանակցությունները»,– մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը՝ գրառում կատարելով «Twitter»-ում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոշտ է արձագանքել միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ի Պետդեպի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության թույլ դատապարտումներին: «ԵԱՀԿ հրապարակային պատասխանը ծայրահեղ խայտառակ ոճի էր՝ կողմերի վրա ռազմական գործողությունների մեղքը հավասար բարդող, որոնք, սակայն, ամբողջ աշխարհին է հայտնի, որ իրագործվում են մեկ մարդու գլխավորությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի»,– նշել է հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարը: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ օդանավի խոցման միջադեպը դատապարտել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ Ֆրենկ Պալոնեն եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: Հիշեցնենք, որ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Զոհվել են երեք օդաչուները: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ ղարաբաղյան կողմին թույլ չտալով մոտենալ: