24-03-2014 17:39

Մի՞թե Հրանտ Բագրատյանը պետգույքը կոպեկներով վաճառել է

ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր, նիստի ընթացքում, առիթից օգտվեց ու մեկ անգամ ևս անդրադարձավ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հայտարարությանը, թե Բագրատյանի՝ վարչապետ եղած տարիներին կոպեկներով վաճառել են պետգույքը։ «Հաղթանակների մեծ մասն էլ մեր ժամանակ է եղել, մի օր էլ հարցրեք`ո՞նց եղավ»,-նշեց Բագրատյանը հավելելով թե ԱԺ-ն օրենքներ է ընդունում ապօրինությունների մասին. «Անկեղծ ասած այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ԱԺ-ն օրենքներ է ընդունում ապօրինությունների մասին, կա սխալ մի բան` դա դարձնում ենք օրենք, կա մի ճիշտ բան` դա օրենքից դուրս է մնում: ՛Այն ժամանակ կար սեփականաշնորհման հանձնաժողով, որտեղ կար ՀՀԿ-ական ներկայացուցիչ, որը, չի եղել մի դեպք, որ ասի`դեմ եմ այս կամ այն ձեռնարկության կամ օբյեկտի վաճառքին: «Հետո` սա ՀՀ երկրորդ նախագահի սխալն էր, դուք անընդհատ սիրում եք ասել`ձրի գնով էիք տալիս, բարեկամներ, հարյուր անգամ մամուլով ասել ենք` մեթոդաբանության տարբերություն կա. առաջին սեփականաշնորհման ժամանակ մենք պարտքերն արժեքի մեջ չէինք մտցնում: 150 միլիարդ դրամի պարտք է փակվել 1994 թ.-ին, որը թույլ է տվել առաջինը ԱՊՀ-ում ապահովել տնտեսական աճ: Ադրբեջանն այդ աճն ունեցավ 1997-ին, ինը տոկոս անկում ուներ 1994-ին,-ասաց նա: Հրանտ Բագրատյանը Կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց նման բաներ չներկայացնել: «Այդ մենք ենք աշխատել, մենք մեր խնդիրը լուծել ենք, պատերազմում հաղթել ենք ձեզ հետ միասին, այս հաղթանակների մեծ մասն էլ մեր ժամանակ է եղել, մի օր էլ հարցրեք` ո՞նց եղավ: Մի օր հարցրեք էլի` ռազմաարդյունաբերական համալիրը ո՞նց եղավ, ո՞նց եղավ երեք ամսում հակաօդային պաշտպանությունն աշխատեց, ո՞նց եղավ, որ բանակը վերակառուցվեց, նույն ձև էլ մազութ էիք ասում, ի վերջո մազութի գործ բարձրացնողին դատախազությունը փրկում էր»,-հիշեցրեց Բագրատյանը: