Բավ է պառակտվել
26-02-2014 12:53

Ես զարմանում եմ ձեզ վրա, Դուք առաջարկում եք, բոլոր ձեր առաջարկներն ընդունում ենք, բայց ձեռնպահ եք քվեարկում. Հովիկ Աբրահամյան

Այսօր, ՀՀ ԱԺ-ում ընդունվել է գազի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխող կոալիցիայի առաջարկը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քննարկումից հետո իրենք այս նախագծին կողմ են քվեարկելու:

Պատգամավորը նշեց, որ հարցով բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ն արձանագրում է, որ չորս խմբակցության նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել: Նա նաև հավելեց, որ իրենք մեկ վերապահում ունեն, բայց ստեղծված է մի գործիք, որ թույլ կտա պարզել ճշմարտությունն այս հարցում:

Իսկ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունում ևս լուրջ քննարկումներ են եղել, սակայն իրենք ունեն որոշակի զգուշավորություն մեծամասնության այս նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ և այդ պատճառով էլ ձեռնպահ են քվեարկելու:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զարմացած նշեց. ՛՛Ես զարմանում եմ ձեզ վրա, Դուք առաջարկում եք, բոլոր ձեր առաջարկներն ընդունում ենք, բայց ձեռնպահ եք քվեարկում՛՛:
Իսկ ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորները նախագծին դեմ քվեարկեցին: