Բավ է պառակտվել
16-07-2014 17:05

Հովիկ Աբրահամյանն անցկացրել է քրեական օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը եւ ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությամբ, Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. մարտին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը ներկայացրել է կատարված աշխատանքները եւ անդրադարձել օրենսգրքով նախատեսված մի շարք ինստիտուտների կիրառմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ անհրաժեշտություն կա ապահովել քրեական գործող օրենսգրքում նորմերի ձեւակերպման հստակությունը, իրավական որոշակիությունը, անհակասականությունը, բացառել լեզվական անճշտությունները եւ հակասություններն այլ իրավական ակտերի հետ: Քրեական նոր օրենսգիրքը պետք է արտացոլի կրիմինալոգիական իրողությունը, ապահովի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունը եւ համահունչ լինի քրեական իրավունքի տեսության եւ օրենսդրության ժամանակակից միտումներին:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ եւ առաջարկություններով լրամշակված փաստաթուղթը ներկայացնել վարչապետին: