09-04-2014 12:28

ՀՀ ԱԺ նախագահը Վիլնյուսում հիշեցրել է, որ ՀՀ-ն ԼՂՀ հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով է լուծում

Հայաստանը երբեւէ չի պաշտպանել միջազգային որեւէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականության սկզբունքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Վիլնյուսում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում ՛՛Արեւելյան գործընկերության՛՛ պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայաստանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: ՛՛Հարկ եմ համարում շեշտել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներից մեկը՛՛,-ասել է նա: Խոսելով տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, ԼՂ հիմնախմնդրի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո եւ միջազգայնորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: ՛՛Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ՛՛,-ասել է Հովիկ Աբրահամյանը: