12-09-2014 14:32

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կովկասի տարածաջրջանի տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցությունը եւ հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: «Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը եւ էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը եւ արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը:
Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին եւ վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլեւ նոր թափ կհաղորդի ՀՀ կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը: Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է եւ շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀԲ փոխնախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու առաջիկա ծրագրերը:
Հենրի Քերալին կարեւորել է ՀԲ-ի աջակցությամբ մեր երկրում զբոսաշրջության ու գյուղատնտեսության բնագավառներում նախատեսվող ծրագրերի իրականացումը, որոնք ՀԲ տարածաշրջանային տնօրենի գնահատմամբ, ունեն զարգացման մեծ ներուժ:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լաուրա Բեյլիին՝ ՀԲ երեւանյան գրասենյակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Բեյլիի աշխատանքային հարուստ փորձառությունն ու մասնագիտական որակները լավագույնս կներդրվեն երկկողմ համագործակցության խորացման ու զարգացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ օրակարգային այլ հարցեր: