Բավ է պառակտվել
17-04-2014 11:44

Հովիկ Աբրահամյանը գործարաննե՞ր կկառուցի

Անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՀԿ-ն կառավարման ամբողջ պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա, քանի որ ՛՛այլեւս մեղավոր բալիկ չի լինելու՛՛, որի վրա կբարդեն իրենց սեփական սխալները:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց, ՀՅԴ-ն էլ չմտավ, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ծայրահեղ ընդդիմադիր են, իսկ ՕԵԿ-ն երեկ դուրս եկավ: Հետեւաբար հանրապետականները կառավարման ամբողջ համակարգի պատասխանատվությունը պետք է վերցնեն իրենց վրա, քանի որ այլեւս ՛՛մեղավոր՛՛ ՕԵԿ-ը չկա, որ բոլոր սխալների համար պատասխանատվություն կրի:

Ադիբեկյանի հավաստմամբ ՕԵԿ-ի դուրս գալը պայմանավորված է Արթուր Բաղդասարյանի վարչապետ չնշանակվելով:

՛՛Պատմությունը ցույց է տվել, որ անգրագետ նախագահը կարող է ավելի լավ կառավարել երկիրը, քան ամենագրագետ անձը՛՛,-նշեց սոցիոլոգը և հավելեց, որ այն իշխանավորը, որն ունակ է ունենալու գրագետ փորձագետներ, հաջողության կհասնի:
՛՛Չկարծեք, որ Ղրիմի միանալը Ռուսաստանին մենակ Պուտինի շնորհքն էր, նա ուներ մասնագետներ, ովքեր հրաշալի ներկայացրին իրավիճակը: Նույնն էլ Հովիկ Աբրահամյանինն է վերաբերում՛՛,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ բանախոսի, եթե հաշվի առնենք, որ Հովիկ Աբրահամյանը կկառավարի տասը տարի, եթե կարողանա այդ ընթացքում կառուցի գործարաններ, որտեղ կաշխատեն գոնե մեկ-երկու հազար մարդ, ապա վստահ կարող ենք ասել, որ նա լավ է ղեկավարել:

Իսկ թե ինչ միջոցներով է Հովիկ Աբրահամյանը գործարաններ կառուցելու, սոցիոլոգը պատասխանեց. ՛՛Եթե պետական երաշխավորագրեր տա, ապա մեծ գումարներ կգան Հայաստան: Օրինակ` չինացիները պատրաստ են 50 հազար աշխատատեղ բացել, միայն թե նրանց պետական երաշխավորագիր կտրվի: Հուսամ, որ Հովիկ Աբրահամյանն ավելի ռիսկով կգործի՛՛:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նորանշանակ վարչապետ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը: Նշանակումից ընդամենը մի քանի օր հետ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Պատճառներից մեկն էլ այն էր, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի նշանակվել վարչապետ: