Բավ է պառակտվել
22-07-2014 20:42

Ըստ Հովիկ Աբրահամյանի Հայաստանը դիվերսիոն գործողություններին ադեկվատ է պատասխանում

Հայկական կողմի արձագանքը հուլիսի սկզբին ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի թափանցմանը ԼՂՀ Քարվաճառի շրջան եւ սահմանամերձ շրջաններում հակառակորդի ակտիվացած կրակոցներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համարում է ադեկվատ, ՛՛մի բան էլ ավելի՛՛ :Այս մասին այսօր, լրագրողներին ասաց վարչապետը, որը Գյումրի էր այցելել՝ բնակարանաշինության խնդիրները քննարկելու համար։

Նա նշել է, որ դեմ է այն մոտեցմանը, որ մեր մամուլը գրում է, թե իրենք ոչ ադեկվատ են արձագանքում այս ամենին։
՛՛Ես ինքս եղել եմ Տավուշում, նույն Մովսես գյուղում, որտեղ պատասխանատուներն ինձ ասել են, որ եթե նրանք մեկ անգամ են կրակում, մենք մի քանի անգամ ավելի ենք կրակում։ Պատասխանը պետք է լինի ադեկվատ եւ մի բան էլ ավել։ Մենք չենք կարող հանդուրժել նրանց լկտիությունը, ոտնձգությունները՛՛,- ասաց Հովիկ Աբրահամյանը և ընդգծեց որ հայկական կողմը պետք է նման գործողությունների պատասխանը տա։