Բավ է պառակտվել
16-05-2014 18:14

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպանին

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուվլ Ատլե Նամտվեդտին  (նստավայրը` Մոսկվա): Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ կաջակցի դեսպանի` երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանն ուղղված գործունեությանը:
Դեսպանն էլ իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահեցրել, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նորվեգական հարաբերություններն ակտիվացնելու համար: Վարչապետը ներկայացրել է Հայաստանում նորանշանակ կառավարության գործունեության ծրագիրը, ներկայացրել ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները: Քայլեր են ձեռնարկվում Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված հումանիտար կապերը:
Դեսպանը նշել է, որ Նորվեգիայում առկա փոքրաթիվ հայկական համայնքը վայելում է նորվեգացիների հարգանքը: Իր հերթին էլ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել 1988 թվականից ի վեր Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած մարդասիրական, տեխնիկական և ֆինանսական օժանդակության համար: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: