23-04-2014 13:38

Հովիկ Աբրահամյանը թարմություն է բերել. Հանրապետական պատգամավոր

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուն, Ազգային ժողովի ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանն ասաց, թե այդ նշանակումը թարմություն է բերել մեր քաղաքական կյանքին:
՛՛Չափազանց բարդ ու դժվար բեռ է վերցրել իր վրա նա, բայց կարծում եմ, որ ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ` կառավարությունում նա կարդարացնի իրեն՛՛,-հավաստիացրեց պատգամավորը:

Անդրադառնալով այս օրերին հաճախ հնչող այն թեմային, թե Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Կարապետյանին առաջարկվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է, Տաճատ Վարդապետյանն ասաց, թե Կարեն Կարապետյանն այն օրինակելի, քաղաքական լուրջ կապիտալ կուտակած գործիչն է, որ նա հայրենիքին ծառայելը միայն բարձր պետական պաշտոն ունենալով չի կանխորոշում:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանը գալիս է լրացնելու Տիգրան Սարգսյանի բացերը, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, թե չի ցանկանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ոչ դրական գնահատականներ հնչեցնել, բայց մեծ սպասելիքներ ունի Հովիկ Աբրահամյանից:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում շրջանառվող մյուս թեկնածուների՝ Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի մասին էլ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե և՛ Գալուստ Սահակյանը, և՛ Էդուարդ Շարմազանովը կարող են այդ լուծը տանել: