12-05-2014 15:33

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից: ««Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը և այլն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական ընկերության գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում: Մշակվում են նաև այլ նոր ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է «Սաուր» ընկերության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում: