08-05-2014 14:37

Հովիկ Աբրահամյանը չի սպառնացել նախարարներին, պարզապես լուրջ կադրային փոփոխություններ են լինելու. Հ. Մանուկյան

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր կողմից ղեկավարվող ոլորտում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, բայց ամենակարևորը՝ հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է:

«Եթե անելիքները քիչ լինեին, կկարողանայի հիմա դրանք թվել, բայց իսկապես անելիքները շատ են, և դա կապ չունի ժառանգության հետ: Արդարադատությունը ծանրագույն ոլորտներից մեկն է, և շատ գործ կա անելու: Այսօր շատերը Արդարադատության նախարարությունը և դատական համակարգը շփոթում են: Ես քիչ առաջ, որ մտնում էի կառավարության նիստին, կանգնած էին մարդիկ, որոնք հետևյալ արտահայտությունն արեցին՝ «հիմա կտեսնենք արդարադատության նախարարը արդար կդատի՞, թե՝ չէ»: Նախարարը չի դատում, նա լրիվ այլ գործառույթներ ունի»,- ասաց նախարարը:

Հովհաննես Մանուկյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նախարարությունում իրականացվելու են կադրային փոփոխություններ, քանի որ լուրջ փոփոխությունը գրագետ կադրային քաղաքականությունն է:

Հարցին, թե կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով նախարարներին ասաց, որ Կառավարության այն անդամները, ովքեր չեն կատարի իրենց ծրագիրը, ճանապարհները կբաժանվեն, ում նկատի ուներ և ինչու սպառնաց, պատասխանեց. «Վարչապետը չսպառնաց, կարծում եմ, շատ ճիշտ արտահայտություն է արել, որ իրեն հարգող նախարարը կամ քաղաքական գործիչը, եթե զգա, որ չի կարողանում իր առջև դրած խնդիրը լուծել, ինքը պետք է հրաժարական տա ու չսպասի վարչապետին»,- ասաց նա:

Անդրադառնալով Կառավարության կողմից մշակվող նոր ծրագրին, նշեց. «Կառավարության նախորդ ծրագիրը չեմ գնահատի, բայց նախորդը շատ ավելի ընդհանուր ձևակերպումներով էր: Դեկլարատիվ մասը մի քիչ ավելի շատ էր»: