07-05-2014 13:25

ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար խնդի՞ր է պատգամավորներին հարկադրանքով ԱԺ նիստին բերելը


ՀՀԿ խմբակցության այսօրվա նիստում խմբակցության ղեկավարի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը քվեարկվել է միաձայն: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց հենց Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ իր թեկնածության հետ կապված որեւէ հակասություն չի եղել: ՛՛Թերահավատները կարող են գալ ինձ մոտ եւ անմիջապես կփարատվի նրանց թերահավատություն: Չկա նման բան, հակասություններ չեն եղել՛՛,- ասաց Բաղդասարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր թեկնածությունը ոչ բոլոր ՀՀԿ-ականների սրտով է եղել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալու առաջարկը Բաղդասարյանի համար անակնկալ է եղել: Բաղդասարյանը խոստացել է հզորացնել ՛՛խմբակցության դիրքերը՛՛:

Անդրադառնալով տարածված լուրերին, որ ՀՀԿ խմբակցությունը բաժանված է թեւերի՝ երիտասարդական եւ հին գվարդիայի, ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը նշել է. ՛՛Դրանք զուտ խոսակցություններ են եւ շատ համախմբված է եղել խմբակցությունը տարիներ շարունակ: Բնական է, նույնիսկ երեք-չորս հոգանոց ընտանիքում լինում են խոսակցություններ, բանավեճեր, բայց խմբակցության մեջ այդ ամենը կարգավորվել է բանակցային փուլում: Բնական է, եթե չլինեն որեւէ վեճեր, բանավեճեր, ապա արդյունավետ աշխատանք չենք կարող ապահովել՛՛:

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար միշտ խնդիր է եղել խմբակցության անդամներին հարկադրանքով ԱԺ նիստերին բերելը՝ հատկապես քվեարկությունների ժամանակ, Բաղդասարյանն ասել է, որ իհարկե բացակայություններ հնարավոր է լինեն, բայց չի կարծում, թե որեւէ մեկը կցանկանա տապալել ԱԺ աշխատանքները: