04-03-2014 17:43

ՀՀԿ-ական պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերում դրական շեշտադրումներ է տեսնում

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Ըստ նրա, թեպետ շատ քննադատություններ են հնչել, բայց ինքն առաջին Նախագահի խոսքում դրական շեշտադրումներ է տեսել, մասնավորապես այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից բացառել է որևէ գործողություն, որը կվտանգի երկիրը:

Աճեմյանը հավելեց, որ, քանի որ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ ՀԱԿ մյուս անդամները մշտապես ծայրահեղ գնահատականներով են հանդես եկել, իր կարծիքով այդ շեշտադրումն արդեն լավ միտում է:
Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի և մյուս կուսակցությունների համագործակցությանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ, նրանք 2017-2018 թվականների հարց են իրենց համար լուծում:

՛՛Ընդդիմությունը կարևոր է, որ առողջ գնահատականներ տա, ընդդիմությունը երբևիցե չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով, որովհետև, իմ կարծիքով, այսօր չկա որևէ ուժ, որ այս դժվարին աշխարհաքաղաքական գործընթացներում կարողանա երկիրն այնպես ղեկավարել, դիվանագիտական այնպիսի քայլերով առաջնորդել, որ Հայաստանը ոչ միայն չտուժի, այլ նաև՝ շահի՛՛,- հավելեց Կարինե Աճեմյանը:

Անդրադառնալով Կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը, Կարինե Աճեմյանն ասաց, թե ընդդիմությունը թիրախներն արհեստական է ընտրում:

Ըստ ՛՛ Հանրապետական՛՛ խմբակցության ներկայացուցչի բնավ հարկավոր չէ անցածն անընդհատ հետ բերել, օրինակ՝ ՛՛Մարտի 1-ի՛՛ հարցը, որի վերաբերյալ հանձնաժողով արդեն գործել է, և ամեն անգամ դիվիդենտներ շահել այս թեման շահարկելով, բացարձակ տեղին չէ: ՛՛Մենք պետք է առաջ գնանք»,- ասաց Կարինե Աճեմյանը: