15-02-2014 11:22

ՀՀԿ-ական պատգամավորի անրադարձը Վարդան Օսկանյանի ելույթին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն անրադառնալով Վարդան Օսկանյանի ելույթին, նշել է, թե վերջինիս արած հայտարարությունների վրա զարմանալ պետք չէ, քանի որ նա, անգամ արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրած «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով քննարկմանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ի լրումն այլ հայտարարություններից, ասել էր. որ եթե երկրի ներսում քաղաքական հակակշիռ լիներ, ապա Մաքսային Միությանն անդամակցելու առումով այլ իրավիճակ կլիներ:
Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարարի տեսակետներին՝ ՀՀԿ պատգամավորը մասնավորապես գրել է.
«ԲՀԿ-ում էլի սկսեցին արտահայտվել ու իրենց խոսքուճառով զարմացնել 2-3-րդ էշելոնի գործիչները։ Օսկանյանի նախահամագումարյան թեզիսները առնվազն տարակուսելի են։ Նախկին արտգործնախարարը կարծում է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կարող էր այլ որոշում կայացնել ու որպես գործելու ուղի առաջարկում է «մանևրել, մի բան խոստանալ», կոպիտ ասած՝ «ֆռցնել»։
Հայտարարությունը հետաքրքիր է հատկապես այն համատեքստում, որ ԲՀԿ ղեկավարը երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Սա հավանաբար Օսկանյանի անձնական կարծիքն է։ Այս կուսակցությունում բոլորն առանձին վերցրած ունեն անձնական կարծիք, սակայն բոլորը միասին համամիտ են ԲՀԿ նախագահի կարծիքին, որը երբեք չի հակասում հանրապետության նախագահի դիրքորոշմանը։
Պարոն Օսկանյանին հավանաբար պետք է հիշեցնել, թե մինչև սեպտեմբերի 3-ը կամ դրանից հետո ԲՀԿ-ն ինչ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Եթե մոռացել է, ապա հուշենք՝ ամենաջերմ։ Ընդ որում, ավելի փաստացի այդ ամենը պարոն Օսկանյանն ու իր թիմակիցները կարող են տեսնել «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժներում։
Թեև հավանաբար պետք չէ զարմանալ Օսկանյանի նման հայտարարությունների վրա, քանի որ նա իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մանևրելու, ինչ-որ բան խոստանալու՝ Օսկանյանի ցանկություններին։ Մանևրելը, ինչ-որ բան խոստանալը, որ օսկանյանական լեզվով հնչում է որպես «ֆռցնելը», բնորոշ է Օսկանյանին ու իր ընկերներին։ ՀՀ նախագահը երբեք նման քաղաքականություն չի վարել։

ՀՀ արտաքին քաղաքական գիծը շատ հստակ է, և դա է պատճառը, որ Հայաստանը բոլոր կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր։ Եթե պարոն Օսկանյանն ու իր ընկերները բոլորի հետ հարաբերություններում փորձում են մանևրել, ապա դա նրանց խնդիրն է, գուցե կարելի է հասկանալ։ Մանևրեք որքան ուզում եք, սակայն զգույշ՝ չմոլորվեք։ Օսկանյանական այս ելույթը հավանաբար յուրահատուկ «ռազմինկա» էր ԲՀԿ դռնփակ համագումարից առաջ։ Թե ինչ պատճառներ ունի ԲՀԿ փակ դռների քաղաքականությունը, ենթադրել կարելի է»։