02-07-2018 19:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ից 12-ը կայցելի Բրյուսել, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ Եվրոպական միության ղեկավարության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Տիգրան Բալայանը նաև հավելեց, որ հուլիսին նաև արտաքին գործերի նախարարի արտասահմանյան մի քանի այց է ծրագրվում, որոնց ժամկետները հստակեցվում են, իսկ հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան։