19-09-2015 13:10

ՀՀ-ում, ցավոք, գործում է կոռուպցիոն պետական կառավարման համակարգ.Ա. Մելիքյան

«Գործող սահմանադրության և օրենքների թերությունների մասին իմաստ կունենար խոսել այն դեպքում, եթե համապատասխան պաշտոնյաներն ու պետական մարմինները հետևեին դրանց ոգուն և տառին ու հանկարծ պարզվեր, որ դրանք երկրի կյանքը կարգավորելու փոխարեն խանգարում են դրա բնականոն զարգացմանը»,- news.gisher.ru-ի հետ զրույցում անրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Վերջինիս համոզմամաբ՝ Հայաստանում, ցավոք, գործում է կոռուպցիոն պետական կառավարման համակարգ, որն իր բնույթով է հակասում ցանկացած օրենսդրության և սա մեր քաղաքական-իշխանական վերնախավի այն արմատական թերությունն է, որն առանց շտկելու ցանկացած սահմանադրության պարագայում կմնանք անօրինականության և կամայականության դաշտում: «Նոր սահմանադրության ընդունումն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե մեր այդ վերնախավն իրական կամք ու ցանկություն կդրսևորի օրենքի դաշտ վերադառնալու առումով, թեև, հավանաբար, եթե դա տեղի ունենա, սահմանադրությունը փոխելու կարիք էլ չլինի»,-ընդգծեց զրուցակիցս ու հավելեց, որ վերը ասվածիցս բխում է, որ առկա իրավիճակում այս փոփոխությունները կապ չունեն երկրում իրական որակական բեկում մտցնելու անհրաժեշտության հետ և կոչված են շատ նեղ խնդիրներ լուծել: Արման Մելիքյանի խոսքով՝ մի հանգամանք կա, որն ուշադրություն է գրավում՝ այս փոփոխությունները հանգեցնելու են բարձրագույն պաշտոնյաների անձնական քաղաքական պատասխանատվության լղոզման, ինչը լավ հնարավորություն կստեղծի այն բանի համար, որպեսզի արտաքին ուժերի բախումը Հայաստանում չպարտադրի գործող երկրի ղեկավարին մրցակիցների միջև ընտրություն կատարել: «Սա ունի կարճաժամկետ առավելություններ, բայց և երկարաժամկետ վտանգներ է պարունակում: Կոռուպցիոն կառավարման համակարգը ներկայացնող իշխանության համար այս փոփոխությունները, բոլոր դեպքերում, միանգամայն շահեկան են»,-նկատեց ԼՂՀ նախկին արտգործնախարարն ու ավելացրեց. «Հասարակությունը հուսալքված և ապակողմնորոշված է՝ հոգնել է տարբեր քաղաքական ուժերի քաղաքական խարդավանքներից: Այս իրավիճակում մարդիկ, առավելագույնը, կարող են դուրս գալ փողոց և հեղաշրջման փորձ անեն, բայց չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ լուծումը»:

Տաթև Առաքելյան