30-09-2015 16:32

ՀՀ-ն չպետք է սահմանափակվի իր ներքին խնդիրներով. Ա. Կարապետյան

«Սերժ Սարգսյանը ներկայացավ այն հզորությամբ, ինչ հզորություն այսօր ունի Հայաստանը՝ ներկայիս տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում»,- այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան՝ անդրադառնալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: «Նա խոսում էր մեր ներքին հարցերից, սահմանային դրությունից: Կարծում եմ, որ կիսադատարկ դահլիճում նստածներից որևէ մեկին դա չէր հետաքրքրում»,-հայտարարեց Ա. Կարապետյանը և նկատեց, որ նախագահը արել է այն, ինչ հատուկ է հայաստանյան ներկայիս քաղաքական էլիտայի մտքին: Ըստ քաղաքական գործչի, ՀՀ նախագահը կարող էր խոսել Իրանի և Արևմուտքի միջև վերսկսվող երկխոսության մեջ Հայաստանի հնարավոր դերի մասին և դրանով բարձրացներ Հայաստանի կարևորությունը աշխարհաքաղաքական գործընթացներում: Ինչ վերաբերվում է հարևան Ադրբեջանի վարած քաղաքականությունը և սահմանային լարվածությանը, ապա Արամ Կարապետյանը ասաց. «Ներկայումս Ադրբեջանը ի՛ր իսկ վարած քաղաքականության գերին է դարձել: Ալիևը չի գնում Ռուսաստան՝ վախենալով ԱՄՆ-ից և չի գնում ԱՄՆ՝ վախենալով Ռուսաստանից: Ադրբեջանը կարծում էր, որ ՌԴ-ն ամբողջովին մտել է սիրիական կոնֆլիկտի մեջ և սկսեց հարվածել մեզ, բայց նա սխալվեց, գործընթացները դեռ նոր են սկսվում»:

Մարինե Բարսեղյան