Բավ է պառակտվել
21-11-2014 08:59

Արտգործնախարարը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Նախարար Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, և առկա է երկուստեք պատրաստակամություն` դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Կիպրոսի խորհրդարանականների և անձամբ պարոն Օմիրուի ներդրումը` հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում: Յանակիս Օմիրուն իր հերթին ընդգծեց, որ շարունակելու է գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության առավել սերտացմանը։ Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ակտիվ փոխայցելությունները, այդ թվում` երկրների նախագահների պետական այցերը, փաստում են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նրանք համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել` իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորումներով: Անդրադարձ կատարվեց խորհրդարանների միջև հաստատված ակտիվ համագործակցությանը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, որոնք ևս մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը: Յանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը` երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը: Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցությունը: Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերին: