Բավ է պառակտվել
11-11-2014 10:26

Չինաստանի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիեն Ըրլոնգին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նշանակման կապակցությամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ համատեղ ջանքերի արդյունքում հայ-չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և առկա է դրանք առավել ընդլայնելու և խորացնելու երկուստեք շահագրգռվածություն։ Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում, և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի՝ հայ-չինական համագործակցության ամրապնդման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ըրլոնգը նշեց, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը, և վստահեցրեց, որ իր առավելագույն ջանքերը կներդնի՝ հայ-չինական բարեկամական հարաբերությունների առաջ մղման համար: Զրուցակիցները անդրադարձ կատարեցին քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, գիտական, կրթական և մշակութային շփումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանը չինական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաև, որ Հայաստանում տարածաշրջանային նշանակության չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնումը մեծապես կնպաստի երկու երկրների միջև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Հանդիպմանը անդրադարձ արվեց միջազգային տարբեր հարթակներում երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի կարգավորման: