24-09-2014 12:26

Է. Նալբանդյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ-ի և Կոսովոյի նախագահի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Նյու Յորքում հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախարարները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն ու Տիտուս Կորլացեանը կարևորեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխգործակցության ակտիվացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախագահ Յահյագան ներկայացրեց Կոսովոյի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ: