12-09-2014 15:02

Հարցում.հարցվողների 25%-ի համար քառյակը ընդդիմություն-իշխանություն պայմանավորված խաղ է

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասրդյանը ներկայացնելով «Թեժ աշնան պաղ սպասումները» թեմայով հարցման արդյունքները, նշեց, որ կողմից իրականացված հարցումների արդյունքներով՝ քաղաքացիների մեծ մասը համարում է, որ ոչ իշխանական քառյակը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») արհեստական է, մոտակա ժամանակներում դատապարտված է փլուզման և ընդդիմություն-իշխանություն պայմանավորված խաղ է: «Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 8-17-ն ընկած ժամանակահատվածում, հարցումներն իրականացվել են «դեմ առ դեմ» մեթոդով: Հարցվածների ընդհանուր թիվը 1067 է, հետազոտության ընտրանքային սխալը ±3%: Կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, ընտրվել են ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներից համամասնորեն՝ 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն՝ Երևանում 33% և մարզերում՝ 67%»,-ասաց Արմ Նավասարդյանը: Ըստ բանախոսի՝ քաղաքացիների 31%-ը նշել է, որ ոչ իշխանական քառյակը արհեստական է և մոտակա ժամանակներում դատապարտված է փլուզման, 25%-ի համար ոչ իշխանական քառյակը ընդդիմություն-իշխանություն պայմանավորված խաղ է, 23%-ը դժվարացել է որևէ գնահատական տալ ոչ իշխանական քառյակին, 16%-ը վստահ է, որ քառյակը կպայքարի Հայաստանում առկա խնդիրների լուծման համար, և միայն 5% է կարծում, որ քառյակը առողջ ուժերի համախմբում է, որն ունակ է քաղաքակիրթ պայքար մղել իշխանությունների դեմ: «Իսկ հարցին, թե ի՞նչ գործողությունների կդիմի ոչ իշխանական քառյակը իշխանության կողմից պահանջները չկատարելու դեպքում, հարցվածների 51%-ը պատասխանել է, որ պայքարը կլինի թույլ և ոչ արդյունավետ, ոչինչ չի փոխվի, 23%-ը ենթադրել է, որ քառյակի առանձին ուժերը կգնան թաքուն բանակցությունների իշխանության հետ, ինչը կբերի քառյակի գործունեության տապալմանը, 9%-ն էլ վստահ է եղել, որ քառյակը կկարողանա մեծ թվով մարդկանց հավաքել հրապարակ և պարտադրել իշխանափոխություն, իսկ 16%-ը դժվարացել է պատասխանել, այլ պատասխան տվել է 1%-ը»,- մեկնաբանեց Արամ Նավասարդյանը: