22-01-2014 14:54

Հայտնի մարդիկ դժգոհում են այն բանից, որ հանրահավաքներն այսօր ի շահ ընդդիմադիրների են գործում

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի ակցիային, հունվարի 18-ին մասնակցել են ոչ միայն ՛՛դեմ եմ՛՛-ի անդամները, քաղաքական գործիչներն այլև արվեստի ոլորտի մարդիկ:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում շարժմանը միացած հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը նշեց, որ  հունվարի 18-ին տեղի ունեցած հանրահավաքից հեռացել է այն պահին, երբ հնչել են կուսակցական կարգախոսներ:

«Ցանկացած հավաք միանգամից կուսակցականացվում է: Նույն ակցիաների ընթացքում, մեծ մասամբ նրանց մեջ կան լիդերի կարգավիճակ ունեցող երիտասարդներ, որոնք միանգամից դեպի իրենց կուսակցությունն են տանում: Երբ միանում են կուսակցությունները ամեն ինչ տապալվում է: Ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում։ Աշխատում եմ հեռուստաընկերությունում, բայց անգամ չեմ ճանաչում այդ մարդկանց»,- ասաց նա:

Նախաձեռնությանը միացած ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը հավելեց, որ երբ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը եղավ, ինքն զգաց, որ հայտնի անձանց մանսակցությունը օգուտ է տալիս պայքարի դրական հանգուցալուծմանը: ՛՛Երբ զգում ես, որ քո ձայնը կարող է տեղ հասնել, ուզում ես օգուտ տալ՛՛,-նշեց նա:

Նույն նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը, հակադարձելով Լուսինե Բադալյանին, նշեց, որ կուսակցական պատգամավորների շարքում են նաև անկախ պատգամավորները, բայց բոլորը խոսում են կուսակցականների մասին: «Օրենքը օրենսդիրի ճանապարհով է ընդունվել, այդպես էլ պետք է ստանա որոշում: Քաղաքացիները միայնակ դա անել չեն կարող: Հանրահավաքին հնչում էին կոչեր, բայց այդ նույն ժամանակ մեր խումբը հիշեցնում էր, որ հավաքը դեմ է պարտադիրին, սա եղել ու լինելու է որպես թիմ այդ օրենքի դեմ՝ առանց կուսակցական կողմնորոշման»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը հորդորեց հասարակությանը չտարանջատել կուսակցականների ու քաղաքացիականի: «Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում: Քաղաքացին արդեն սկսել է պայքարել ու չի թողնելու իր գլխին փաթաթեն ամեն տեսակի օրենք»,- ասաց նա: