27-01-2014 16:27

Հայոց բանակը վայելում է սեփական ժողովրդի սերն ու վստահությունը. ՀՀ ՊՆ

 Այսօր, ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմում հրադադարի պայմանագիր ստորագրելուց հետո 20 տարվա ընթացքում հայկական բանակը հզորացել է, և այսօր այն հարգանքի է արժանացել ոչ միայն աշխարհի այլ երկրների բանակների կողմից, այլև վաստակել է հայ ժողովրդի սերն ու վստահությունը: Ըստ նրա` 20 տարի առաջ կնքված հաղթական հրադադարը ձեռք էր բերվել հայ ժողովրդի միասնության, արիության և բազմաթիվ դժվարություններին դիմակայելու շնորհիվ: «Փառք ու պատիվ մարտի դաշտում բոլոր զոհվածներին, նրանց, ովքեր լուռ եւ առանց օգնություն կանչելու մինչեւ վերջ պայքարել են, զոհվել կամ անհետ կորել: Եվ չնայած մենք նրանց մասին ոչ մի տեղեկություն չունենք, մենք պահպանում եւ սերունդներին ենք փոխանցում նրանց պայծառ հիշատակը: Մենք այդպես ենք հաղթել եւ պայքարին զուգահեռ բանակ ստեղծել», - ասել է նախարարը: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայկական բանակի հզորությունը Հարավային Կովկասի տարծաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքներից է: Հայ զինծառայողներին ներկայումս վստահված է խաղաղապահական առաքելություն իրականացնել նաև թեժ կետերում: «Այսինքն` աշխարհն էլ է մեզ վստահում: Միայն անցյալ տարվա ընթացքում մենք մասնակցել ենք տասնյակ բազմազգ զորավարժությունների ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի և հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակում, մենք բարձր ենք պահել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը», - նշել է պաշտպանության նախարարն ու տեղեկացրել, որ մեկ տարվա ընթացքում կնքվել են շուրջ 30 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայաստանը կտոնի Բանակի օրը: