Բավ է պառակտվել
15-03-2014 16:49

Ուկրաինայի դեպքերից հետո հայերի զուգարանները ոսկու՞ց դարձան

 

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եզիազարյանն անդրադարձավ Ղրիմում կատարվող իրադարձություններին: Ըստ նրա, Ուկրաինայում եւ Ղրիմում կատարվող դեպքերի մասին Հայաստանը պետք է հայտարարություններ չանի, քանի որ այդպիսով Հայաստանը վտանգի տակ կդնի Ղրիմի հայկական համայնքին:

Այս անգամ, Եզիազարյանը համամիտ է ՀՀ իշխանությունների հետ. «Սա այն դեպքն է, երբ համաձայն եմ մեր իշխանությունների հետ: Ղրիմում մենք մեծ հայկական համայնք ունենք: Միայն սրա համար պետք է չեզոք լինենք ու մեր տեսակետը չհայտնենք, որովհետեւ խոսելով` կվնասենք հայկական համայնքին»,- ասաց նա:

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ այս թեման բավականին նուրբ է և հարկովոր չէ սրա մասին խոսել:

Իսկ ահա Գուրգեն Եզիազարյանն անդրադարձ կատարելով Ուկրաինայի դեպքերին, սկսեց համեմատական անցկացնել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ:

«Յանուկովիչի էս դեպքից հետո հայերը արագ գնացին ու զուգարանները փոխեցին, իսկ ինչ վերաբերվում է նրանց համեմատությանը, ապա ասեմ, որ երկուսին էլ Եվրոպայի խայտառակ օգնությամբ հաղթեցին ընտրություններում ու դարձան նախագահ: Եթե Յանուկովիչը մինչեւ իշխանության գալն արդեն մեծահարուստ էր, ապա Սերժ Սարգսյանը իշխանության գալուց հետո է հավաքել իր կարողությունը»,- ավելացրեց ՀԱԿ նախկին անդամը:

Ղրիմի հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, միջազգային կառույցները, Ուկրաինայի գործող իշխանությունը հանրաքվեն օրինական չեն ճանաչում, իսկ Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացման որոշումը հակասահմանադրական է անվանել։