13-09-2014 16:11

Ըստ Բարոզուի Հայաստանը ուժեղ ճնշման տակ հրաժարվել է ասոցացման համաձայնագրից

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուն Կիևում հայտարարել է, թե Եվրամիությունը հարգում է ասոցացման համաձայնագրից հրաժարվելու Հայաստանի որոշումը, անգամ եթե ափսոսում է դրա համար: Նա անդրադառնալով Արեւելյան գործընկերության քաղաքականությանը նշել է, որ այդ քաղաքականությունը հրապարակային եւ թափանցիկ էր:
Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի՝ Հայաստանի օրինակը ուսանելի էր:
«Այդ երկիրը ևս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ էր վարում, բայց վերջին պահին ուժեղ ճնշման տակ որոշեց չստորագրել: Քննադատո՞ւմ ենք մենք այս որոշումը: Դադարեցնո՞ւմ ենք առեւտուրը: Նրա դեմ միջոցնե՞ր ենք ձեռնարկում: Իհարկե՝ ոչ: Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, անգամ եթե ափսոսում ենք դրա համար»,– ասել է նա:
Ըստ Բարոզուի՝ Ուկրաինայի դեպքում տեղի ունեցածը, ցավոք, ճիշտ հակառակն էր: «Ուկրաինան ցանկանում էր ստորագրել, եւ վերջապես, ստորագրեց Ասոցացման համաձայնագիր, իսկ Ռուսաստանը չհարգեց դա: Նա չցանկացավ, որպեսզի Ուկրաինան իր ուղին ազատ ընտրի կամ որոշի իր ապագան: Եվ դա, իհարկե, չէր կարող ընդունվել»,– ընդգծել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: