Բավ է պառակտվել
18-06-2014 10:45

Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին. ՛՛Ժամանակ՛՛

«Ժամանակ»-ը գրում է.«Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ԵՏՄ ձեւավորման գործընթացին եւ ՀՀ եվրասիական ինտեգրացիային:

Նա նախ անդրադարձավ այն տեսակետներին, թե չի հաջողվում ձեւավորել Եվրասիական միություն, եւ ձեւավորվում է Եվրասիական տնտեսական միություն, որը չի եղել ՌԴ նախնական ծրագրերում: Այս առնչությամբ Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ որեւէ մեկը քաղաքական խնդիր չի դնում, միայն տնտեսական: «Ինտեգրացիոն ցանկացած պրոյեկտում կան խնդիրներ, դա բնական է, ու գործընթացները գնում են իրենց բնականոն հունով: Ես չեմ հասկանում այն բոլոր դիտարկումները, թե Ռուսաստանը ջանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, դա միֆ է, հասկանո՞ւմ եք: Ու եթե ինչ-որ մեկը նման բան էր սպասում, ապա, իհարկե, ոչ, չի լինելու, նման կերպ մտածելու համար նույնիսկ հիմքեր չկան: Հիմա դեռ տնտեսական հարցերի շուրջ են պայմանավորվել, իսկ այն, որ կան խնդիրներ, այո, կան, քանի որ բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, ինչը բնական է, ուստի ծայրաստիճան բարդ է մեկ հայտարարի ներքո դիտարկել ամենը: Դեռ ես չեմ տեսնում հիմք ինչ-որ բանով հրապուրվելու, եւ ինչ-որ բանից հիասթափվելու համար»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Վերջինս, անդրադառնալով Հայաստանի ինտեգրացիոն գործընթացին, ասաց, որ Հայաստանի համար առաջիկայում անակնկալներ չեն լինելու. Ղազախստանը դեմ է լինելու, Ռուսաստանը՝ կողմ, Հայաստանը փորձելու է պայմանավորվել տնտեսությանը, արտոնություններին վերաբերող ինչ-որ հարցերի շուրջ: Նրա համոզմամբ՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության գործընթացն արագ տեղի չի ունենալու:

«Հայաստանը գնալու է այդ ուղղությամբ, գործընթացը գնալու է այդ ուղղությամբ: Բայց ես չեմ կարծում, թե այդ անդամակցությունը ներկայիս պայմաններում եւ, տարբեր պատճառներից ելնելով, արագ կարելի է ակնկալել մոտ ապագայում»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, թե դժվարանում է ասել՝ Հայաստանն ինչ բանաձեւով կարող է միանալ ԵՏՄ-ին՝ ԼՂ-ի հետ մաքսակետո՞վ, թե՞ առանց»: