20-09-2014 14:37

ՀՀ-ն ներգրավված է ցեղասպանության կանխարգելման միջազգային գործընթացներին. ԱԳՆ

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային գործընթացներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Գիտեմ, որ այս համաժողովի շրջանակներում հանգամանալից քննարկել եք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները եւ անելիքները, փոխարտգործնախարարը ձեզ է ներկայացրել այդ ուղղությամբ արտգործնախարարության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարվող աշխատանքները։
Նախորդ տարվա մարտին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ շուրջ վեց տասնյակ երկրների համահեղինակությամբ բանաձեւի ընդունումը եւ մեր մասնակցությունը այս տարվա մարտին Ժնեւում եւ ապրիլին Բրյուսելում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային համաժողովներին վկայում են այդ ուղղությամբ մեր դիվանագիտության ակտիվ ներգրավվածության մասին»,-ասել է նա:
Անդրադառնալով սիրիահայության անվտանգության խնդրին, ԱԳ նախարարը նշել է. «Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում գնտվող Իրաքում ծայրահեղականների կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների՝ քրիստոնյաների, մահմեդականների, եզդիներ դեմ իրականացվող զանգվածային ոճրագործություններին, ԱԳՆ-ն, արտերկրում եւ միջազգային ներկայացուցչությունները մեր դիվանագիտական ներկայացուցչությունները բարձրաձայնել են միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում մեր մասնակցությամբ մշակվել եւ ընդունվել է համապատասխան բանաձեւ»: