Բավ է պառակտվել
04-04-2014 18:03

Հայաստանում ճգնաժամ չկա, որ մի հատ էլ նոր վարչապետը ժգնաժամից հանի. Գալուստ Սահակյան

Այսօր, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականին նշել է. «Տիգրան Սարգսյանի որոշումն է, առավել եւս մեր մամուլի խոսնակն այս մասին հրապարակել է: Մի մտածեք, որ ես այն գործիչն եմ, որին կարելի է քերել, ինչ-որ ասել ենք հրապարակավ, դա էլ էդպես է»,- ասաց նա՝ այնուամենայնիվ հավելելով, որ հրաժարականը բարեկիրթ քաղաքական ձեւ է, քանի որ վեց տարի արդեն աշխատել էր Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է նոր վարչապետը լինի այլ քաղաքական ուժից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է. «Իհարկե կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլինի, որ նոր վարչապետը մեր կոալիցիայից լինի, բայց ըստ մեր մշտական գործելակերպի՝ մտածել ենք, որ ոչ թե պարտադիր ՀՀԿ լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ էդ ռազմավարությունն իրականացնողի խնդիր ենք լուծում, այսինքն ինքնանպատակ չենք առաջնորդվել»:

Սահակյանի խոսքով՝ ՀՀ արդեն նախկին վարչապետ դրական ազդեցություն է թողել երկրի տնտեսության վրա: Հարցին՝ արդյոք նոր վարչապետը երկիրը կհանի ճգնաժամից, ՀՀԿ-ական պատգամավորը խիստ զարմացավ. «Ճգնաժամ չկա Հայաստանում, որ մի հատ էլ նոր վարչապետը ճգնաժամային իրավիճակից հանի երկիրը»:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է: