13-06-2014 19:58

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ առումով կարեւորեց Շվեդիայի` Երեւանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը ասաց, որ շատ ուրախ է այցելել Երեւան՝ Շվեդիայի դեսպանատան բացման եւ գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթական եւ մշակութային ոլորտներում փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նույն օրը երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի ունեցավ Երեւանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։