06-06-2014 09:27

Զինադադարի կնքումից ի վեր 1-ին անգամ հայ-նախիջևանյան սահմանին հայոց բանակը զգալի կորուստներ տվեց

«Զինադադարի կնքումից ի վեր, երեկ, թերևս, առաջին անգամ հայ-նախիջևանյան սահմանի մարտական հենակետերում զգալի կորուստներ տվեց հայոց բանակը:

Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն: Այս միջադեպի արմատները և ըստ այդմ արդեն հեռուն գնացող ծրագրերը, կարելի է ասել, սկսվում են 2013թ. դեկտեմբերի 20-ի՝ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանից, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել՝ համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է՝ սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»: Տեսնենք, թե ինչ համարժեք հարված կլինի հայկական կողմից»,–գրում է «Ժողովուրդ»-ը: