15-07-2014 10:01

Սելո ջան, մենք քեզ հետ ենք. հայ կանայք՝ թուրք գործիչին

Թուրքիայի նախագահական ընտրություններում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշին ստամբուլահայ կանայք յուրօրինակ աջակցություն են հայտնել։

Շիշլիի մշակույթի կենտրոնում HDP-ի կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը հանդիպել է ընտրողների հետ։

Քուրդ գործիչն իր ելույթում քննադատել է թուրքական իշխանություններին կնոջ իրավունքները ոտնահարելու եւ նրանց մարդու տեղ չդնելու համար։ «Մի հանդուրժեք իշխանություններին, ովքեր կնոջը միայն երեխա ստեղծելու գործիք են տեսնում եւ ամեն պահի պատրաստ են կնոջը փողոցում սպանել։ Ժամանակն է, որ կանայք գան իշխանության»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

Այս խոսքերից հետո սրահում գտնվող հայ կանայք պաստառ են բացել, որի վրա գրված է եղել. «Սելո ջան, մենք քեզ հետ ենք»։ Պաստառի տակ եղել է գրություն՝ «Առաջադեմ հայ կանայք»։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։