08-05-2014 20:14

Մոսկվայում հանդիպել են Ս. Սարգսյանն ու Վլ. Պուտինը (լուսանկարենր)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները:

«Հարգելի Սերժ Ազատի, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Մոսկվայում, շնորհակալություն հայտնել, որ մեզ այցելել եք մայիսի 9-ի նախօրեին, ևս մեկ անգամ շնորհավորել և՛ Ձեզ, և՛ ամբողջ հայ ժողովրդին՝ Հաղթանակի գալիք տոնի կապակցությամբ:

Հայաստան իմ այցելությունից հետո մեծ աշխատանք է կատարվել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Ես ուրախ եմ Ձեզ հետ ժամացույցի սլաքներն ուղղելու հնարավորության համար, տեսնելու, թե լրացուցիչ ի՞նչ է պետք անել, որտեղ է մեզ պետք արագացնել համատեղ աշխատանքի տեմպը:

Ամեն դեպքում, հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, մեզ մոտ գրեթե 11 տոկոսով (10,6 տոկոսով) աճել է ապրանքաշրջանառությունը: Եվ այս տարի ապրանքաշրջանառության աճի դրական տեմպերը և դրական դինամիկան պահպանվում են, այնպես, ինչպես Ռուսաստանը՝ որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Մոսկվա այցելելու հրավերի և հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերի քննարկման հնարավորության համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը և Ռուսաստանի ժողովրդին՝ Մեծ հաղթանակի կապակցությամբ:

«Ես ուրախ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, դաշնակցային գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում են: Մենք այսուհետ ևս առավելագույն ջանքեր կգործադրենք այդ հարաբերությունների խորացման համար:

Ձեր պետական այցի ընթացքում և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, իհարկե, հարստացրեցին մեր օրակարգը: Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների իրականացումը բոլոր ոլորտներում՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմատեխնիկական, և՛ տնտեսական, սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի: Եվ ես կարծում եմ, որ միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներին և դա է համապատասխանում մեր ժողովուրդների կամքին, ուստի մենք պատրաստ ենք: Ես ուրախ եմ, որ այսօր Մոսկվայում եմ: Շնորհակալություն հրավերի և այն զրույցի համար, որը մենք արդեն ունեցել ենք»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: