14-04-2014 19:27

Ընդդիմադիրների հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմից հեռացումը

\

Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն ըստ որի ՀՀ իշխանությունների մեղքերի և ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայաստանում ստեղծված է բարդ քաղաքական իրավիճակ: Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգության» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները հետեւյալն են. Հայաստանի իշխանությունների մեղքերի եւ ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որեւէ ծրագիր իրականացնել եւ կորցրել են Հայաստանում կառավարություն ձեւավորելու որեւէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Քառյակի գործունեությանը, ապա Հայ ազգային կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու այդ ձեւաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը եւ արդյունավետ համագործակցությունը։