Բավ է պառակտվել
27-02-2014 12:47

ՀԱԿ-ի հետ կապերը խզել են՝ դավաճանական քայլի պատճառով

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, Սոցիալ–Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ Հայաստանում հարկավոր են համակարգային փոփոխություններ, այն պահանջում է ՀՀ քաղաքացին: Բացի այդ, փոփոխությունները հարկավոր են, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բավականին վատ է:

՛՛Այս պահին ՍԴՀԿ–ն խորհրդակցում է մի քանի ձախ սոցիալիստական գաղափարախոսության ուղղվածության ուժերի հետ։Նպատակ ունենք համագործակցել և առաջիկա տաս օրերի ընթացքում կհայտարարենք մեր անելիքները։ Մենք պայքարելու են մոնոպոլիայի դեմ, օլիգարխիկ համակարգի և հասարակության հուզող խնդիրների դեմ՛՛,-տեղեկացրեց Նարեկ Գալստյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ իրենց պայքարի թիրախը հենց համակարգային փոփոխությունն է: Ըստ նրա շատ քաղաքական ուժեր ոչ թե առաջնորդվում են իրենց ծրագրերով և կանոնադրությամբ, այլ՝ տվյալ պահին քաղաքացիական դժգոհության պատվերն են կատարում։

Նարեկ Գալստյանն ասաց, թե մարտի 1–ին իրենք չեն միանալու «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հանրահավաքին, այլ գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ են դնելու մարտի 1–ի զոհերի հիշատակին։

«Հայ ազգային կոնգրեսի հետ մեր կապերը խզվեցին նրա դավաճանական քայլի պատճառով»,–նշեց Նարեկ Գալստյանը՝ ավելացնելով, թե իր համոզմամբ մարտի 1–ի հանրահավաքը բազմամարդ է լինելու, բայց ոչ «Հայ ազգային կոնգրեսի» շնորհիվ, այլ այն պատճառով, որ հանրության շրջանում բողոքի ընդվզումը մեծ է և այն պարպելու կարիք կա։