Բավ է պառակտվել
11-06-2014 14:00

ՀԱԿ պատգամավորը ներկայացրեց ՛՛սկանդալային՛՛ Տիգրան Սարգսյանին. տեսանյութ

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Ըստ նրա այդ կառավարությունն ամենասկանդալայինն էր:

՛՛Այդ կառավարության թույլ տված սկանդալները այնքան շատ են, որ ես առավել կարևորները հիշատակելու համար Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված սկանդալների հիթ շքերթ եմ կազմել ու կներկայացնեմ թոփ տասնյակը՛՛,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում նա հաջորդաբար ներկայացրեց Տիգրան Սարգսյանի 5-ամյա կառավարության սկանդալները, որոնց մեջ մտնում էին գազի գնի թանկացումը, Նաիրիտի սննկացումը, արագաչափերի, տեսախցիկների տեղադրումը, կուտակային կենսաթոշակների սկանդալային համակարգը, Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի աղետալի վիճակը եւ, իհարկե, առաջին հորիզոնականը զբաղեցնող օֆշորային սկանդալը:

՛՛Այս պարագայում մենք պետք է ունենայինք այն ցուցանիշները, որոնք ունենք. աղքատության աճ, բնակչության նվազում: Իսկ իր հաշվետվության վերջում Տիգրան Սարգսյանը գրել էր, որ Հայաստանը իր գործարարների ոլորտով գերազանցել է Ֆրանսիային: Այստեղ են ասել, կանգ առ երկրագունդ՝ այստեղ իջնող կա՛՛,-նշեց Նիկոլ Փաշինյանը: