12-12-2014 17:36

Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն այսուհետ ևս կշարունակվեն կյանքի կոչվել` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Հանդիպմանը քննարկվել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետը Վրաստանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Վրաստանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:
Հովիկ Աբրահամյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային ճաշ՝ կառավարական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, կարևորվել այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը: