27-04-2015 09:37

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը: Վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի և Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հաստատված փոխգործակցությունը և կարևորել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը, խորհրդարանական կապերի ամրապնդումը:
Զոի Կոնստանդոպուլուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ շարունակելու է իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տիկին Կոնստանդոպուլուի խոսքով՝ հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ, որոնք երկու երկրների կապերի զարգացման լավ հիմք են: Հունաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունաստանն իրեն համարում է Հայաստանի դաշնակիցը և կարևորել միջազգային կառույցներում փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: