23-04-2015 11:42

ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչն անդրադարձել է Ցեղասպանությանը

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու թեմային առնչվող այլ հարցերի:
«Հայտնի է, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման խոստացել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Իր խոստումը կատարելու համար նրան մնացել է 1 տարի, բայց ինչո՞ւ այս տարի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նա հերթական անգամ դրժեց խոստումը»,- հարց է հղել լրագրողը: Սրան ի պատասխան Հարֆն ասել է. «Մենք վստահ ենք, որ նախորդ տարիների ու այս տարվա մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի որ այն ճանաչում է անցյալն ու թույլ տալիս համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ` ապագայում մարդկանց ոչնչացումից խուսափելու համար: Մեր կարծիքով՝ սա անչափ կարևոր է: Նախագահը պարբարաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս տարի այլ բան են ցանկանում լսել»: Այս պատասխանից հետո լրագրողը նկատել է, որ «այս տարի այլ բան լսել ցանկացողներին լռեցնում են նրանք, ովքեր փոփոխության կողմնակից չեն, այսինքն՝ Թուրքիան»:
Լրագրողը փորձել է Հարֆից պարզել, թե արդյոք Օբաման 1915թ. դեպքերն ընդունում է որպես ցեղասպանություն: Սակայն խոսնակն անորոշ, ոչինչ չասող պատասխան է տվել: Երբ լրագրողը փորձել է Պետդեպի ներկայացուցչից ճշտել, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը չի իրագործում նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին տված խոստումը, Հարֆը տվել է հերթական անորոշ պատասխանը: Այնուհետ նա նշել է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ Օբամայի վարչակազմը բազմաթիվ քննարկումներ է ունեցել, որպեսզի հստակեցնի իր դիրքորոշումը: