Բավ է պառակտվել
04-11-2016 11:57

ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ՀՀի և Գերմանիայի ԱԳՆ-ներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Բեռլինում՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարևորել է հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով բարձրաստիճան պարբերական փոխայցերը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր հանդիպում նոր լիցք է հաղորդում հաստատված ջերմ հարաբերություններին և նպաստում է համագործակցության նոր ուղիների նախանշմանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտքեր փոխանակել են զարգացման համագործակցության շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր փոխանակվել փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվել են կազմակերպության օրակարգային հարցերի, Համբուրգի նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրել է առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: