Բավ է պառակտվել
11-07-2017 18:50

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Այսօր, հուլիսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մաուերբախում հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում:
«Նախարարները դիտարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, և ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախաձեռնությամբ, և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդյունքում ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման, կրակի դադարեցման վերաբերյալ 1994-1995թթ. ստորագրված անժամկետ եռակողմ համաձայնագրերի կատարման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նպատակով անհապաղ մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնակն ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնման նպատակահարմարությունը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: