15-02-2016 16:31

Իրանի պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

«Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը մեկնել է Ռուսաստան»,-այդ մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները: Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ բանակցելու նպատակով այսօր առավոտյան մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին, անդրադառնալով Դեհղանի մոսկովյան այցին, մասնավորապես նշել է. «Իրանի պաշտպանության նախարարի այցն իրականացվում է երկկողմ համագործակցության շրջանակներում: Ինչ վերաբերում է S-300 ՀՀՊ համակարգին, ապա դրա՝ Իրանի փոխանցելու մասին համաձայնությունը վերջերս է բերվել, և այդ համակարգերի փոխանցման գործընթացն արդեն սկսվել է»: Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն օրերս լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ռուս-իրանական ռազմական համագործակցության հեռանկարին, հայտնել է, որ Իրանը նպատակ ունի Ռուսաստանից Սու-30 ռազմական ինքնաթիռներ գնել, և դրանց ձեռք բերման մասին պայմանագիրն առաջիկայում կստորագրվի: Անդրադառնալով S-300 հակահրթիռային համակարգերը Ռուսաստանի կողմից Իրանին փոխանցելու ժամկետներին՝ Հոսեյն Դեհղանը նշել է. «Ուսումնական նպատակով Ռուսաստան մեկնած իրանական պատվիրակությունը մի քանի օրից կվերադառնա, որպեսզի հաջորդ պատվիրակությունը մեկնի: S-300 համակարգերն արդեն պատրաստ են, դրանց մի մասն Իրանին կփոխանցվի առաջիկա երեք ամսվա ընթացքում, իսկ մյուս մասը՝ վեց ամիս անց»: