Բավ է պառակտվել
04-03-2015 11:56

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար` ինձ համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մարդու իրավունքների խորհրդում այսօր ելույթ ունենալը, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»։ «Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է իր աշխատանքի թեմատիկ շրջանակները՝ առավել համապարփակ արձագանքելու աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին` ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանության հարցերին: Կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության արագ արձագանքը և գործողությունները, քանի որ ահաբեկչական խմբերը իրագործում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ: Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսությունների` Բամիանի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացմանը: Բարբարոսները պատերազմ են հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Հայաստանը անվերապահորեն դատապարտել է ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ, թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները օգտվեն օտարերկրյա զինյալների և ֆինանսական հոսքերից, և այլ երկրների տարածքներն օգտագործեն` հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նախարար Նալբանդյանը շեշտեց. «Ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև: Հիրավի, «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունը, որպես այդպիսին, միջազգային իրավական համակարգ է ներմուծվել 1915թ. մայիսի 24-ին Դաշնակից տերությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հռչակագրում, որով նրանք նախազգուշացնում էին հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների կազմակերպիչներին»։  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց Հայաստանի երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցի մասին. «Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական և շարունակական գործընթաց է: Ս.թ. հունվարի 22-ին Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցը:

Հայաստանի առաջին զեկույցի շրջափուլից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և տարբեր Ազգային գործողությունների ծրագրեր են ընդունվել: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել են Հայաստանի պարտավորությունների կատարման էական դրական զարգացումներ: Միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում»։ Իր ելույթում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձևին, ասաց. «Մարդու իրավունքների խորհուրդը էական դեր է խաղացել պետությունների՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայից բխող պարտավորություններն ուղղորդելու մարդու իրավունքների համակարգված պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման բանաձևերի ընդունման գործում: Այս տարի Հայաստանը կրկին նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձև: Առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին: Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, և մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին` սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ»։v