Բավ է պառակտվել
27-05-2015 11:06

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ

Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Լիբանանի խորհրդարանի նախագահը, բարձր գնահատելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, նշեց, որ ջերմությամբ է հիշում 2011թ. Հայաստան կատարած իր այցելությունը, և խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարությանը։ Զրուցակիցները կարևորեցին միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը, խորհրդարանականների փոխայցելությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:Լիբանանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին միջինարևելյան զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հանդիպումը, որը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ինչին հաջորդեցին բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջև ձևավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ: Նախարարները շարունակեցին մեկ ամիս առաջ Երևանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, փոխգործակցությանը բազմակողմ ձևաչափերում, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվեց, որ առկա է մեծ ներուժ՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, և այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։ Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշեցին, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև: Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին արտերկրում հայկական և լիբանանյան համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանն անդրադարձ արվեց Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը: Բանակցություններին քննարկվեցին Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, կարևորվեց միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։ Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի և Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտեցին այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության սերտացման, այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Նախարարական համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նախարար Նալբանդյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը քննարկումները շարունակեցին ՀՀ արտգործնախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում: Մայիսի 26-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Լիբանանում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպեց Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, պատասխանեց լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Ավարտելով այցելությունը Լիբանան` ՀՀ արտգործնախարարը մեկնեց Դամասկոս։